Այսօր՝ հոկտեմբերի 18-ին, ՄՄՀ նիստերի դահլիճում հուշ-ցերեկույթ էր՝ ի հիշատակ մեծ հայի ու հայրենասերի, բարերարի ու համաշխարհային ճանաչում վայելող մարդու՝ Լևոն Գուրգենի Հայրապետյանի մահվան տարելիցին

18-10-2018


...Երնեկ նրան, ով իր գործով

Կապրի անվերջ, անդադար...

            Ւրավամբ, հանճարեղ էր մեծն լոռեցին:

            Այսօր՝ հոկտեմբերի 18-ին, ՄՄՀ նիստերի դահլիճում հուշ-ցերեկույթ էր՝ ի հիշատակ մեծ հայի ու հայրենասերի, բարերարի ու համաշխարհային ճանաչում վայելող մարդու՝ Լևոն Գուրգենի Հայրապետյանի մահվան տարելիցին:
         
          

            «Գլորվեց մեկ տարի այն չարաբաստիկ օրվանից, երբ ողջ հայությունը, մասնավորապես արցախահայությունը, կորստյան խոր վիշտ ու կսկիծ ապրեց, որովհետև կորցրեց լուսավոր ու վառ մի անհատականություն, ով իր ողջ գիտակցական կյանքը նվիրաբերեց ոչ միայն սեփական հայրենիքին ու ժողովրդին, այլև այն երկրին, որտեղ ապրեց ու արարեց»,- բացման խոսքում նշեց հումանիտար ֆակուլտետի դեկան Ա.Վ.Հայրիյանը:

            Այնուհետև ցուցադրվեց Լևոն Հայրապետյանի կյանքի ու գործունեության մասին պատմող վավերագրական ֆիլմ:

            Հուշ-ցերեկույթը եզրափակվեց ՄՄՀ ռեկտոր Դ.Ս.Գաբրիելյանի եզրափակիչ խոսքով.«Լևոն Հայրապետյանը այն եզակի հայրենասեր-բարերարներից է, ով խոսքը ժամանակին ու տեղին դարձնում էր գործ, արարում: Ավա՜ղ, դեռ որքան ծրագրեր ու երազանքներ ուներ իրագործելու»: Ռեկտորը կոչ արեց բոլորին պահպանել մեծ բարերարի թողած արժեքները և հույս հայտնեց, որ ուսանողության մեջ, անշուշտ, կգտնվեն այնպիսինները, որ կքայլեն նման մեծությունների ուղենշած ճանապարհներով:

            Նա գնաց ձուլվելու անմահների աստղաբույլին և այնտեղից շարունակելու իր ազգանվեր լուսավորությունն ու ջերմությունը ճառագել:

            Մե′ծ հայ, քո գործն անմահ է, քո անունը՝ մեր սրտերում:

            Ննջիր խաղաղությամբ: