ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ԱՄՓՈՓՈՒՄ

01-02-2019


Մեր երկրի ամենամեծ հարստությունը ժողովուրդն ու նրա մտավոր ներուժն է: Եթե  ցանկանում ենք լինել գիտելիք ու արժեք ստեղծող երկիր և ոչ սպասարկող,  պարտավոր ենք ուշադրության կենտրոնում պահել համալսարանները: Գիտելիքահեն հասարակության ձևավորման և զարգացման գործում,  նաև գիտելիքի ստեղծման ու տարածման, գաղափարների առաջքաշման, մշակման և գործադրման, նորարարությունների ու ստեղծագործական մտքի խթանման առանցքային դերակատարները բարձրագույն ուսումնական հաստատություններն են:
  

Մեսրոպ Մաշտոց Համալսարանի գործունեությունն  ուղղված է ժամանակակից աշխատաշուկայի պահանջարկի բավարարմանը, ասել է թե` պատրաստել համապատասխան մասնագետներ, ովքեր մրցունակ կլինեն ժամանակակից  հասարակական-տնտեսական պայմաններում լիարժեք գործունեություն իրականացնելու:

Համալսարանն իր գործունեության ընթացքում բազմաթիվ միջազգային գիտաժողովներ է կազմակերպել. այս անգամ` «Դե ֆակտո պետությունները հետխորհրդային տարածաշրջանում. զարգացման ուղղությունները և հեռանկարները» խորագրով:

Դե ֆակտո պետությունների տեղն ու դերը ժամանակակից աշխարհում երկակի է. մի կողմից, նրանց մասին հաճախ փորձում են, այսպես ասած, մոռանալ, բայց միաժամանակ չեն ժխտում, որ հաճախ հենց այդ պետություններն են ուղղակիորեն պայմանավորում տարածաշրջանային շատ զարգացումներ:

Գիտաժողովի մեկնարկը տրվեց Ազգային ժողովի նիստերի մեծ դահլիճում: Գիտաժողովին իրենց մասնակցությունն են բերել տասնյակ գիտնականներ և փորձագետներ Հայաստանի Հանրապետությունից, Ռուսաստանի Դաշնությունից, Արցախի Հանրապետությունից, Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետությունից, Աբխազիայի Հանրապետությունից, նաև Հարավային Օսիայի Հանրապետության գիտակրթական ​​համայնքների ներկայացուցիչներ:

ՄՄՀ ռեկտոր Դոնարա Գաբրիելյանը, ողջունելով գիտաժողովի մասնակիցներին, նշել է, որ գիտաժողովի կազմակերպման գաղափարը ծնվել է համալսարանի 20-ամյակին նվիրված միջազգային գիտաժողովի ժամանակ. «Այն, ինչ այսօր տեղի է ունենում այստեղ, խոսում է այն մասին, որ մենք կատարել ենք ճիշտ քայլ: Ամբողջ աշխարհը գիտի, որ մեր հանրապետությունը կա և շարունակելու է լինել, գործել, արարել: Որպեսզի Արցախի ճանաչումը լինի արագ, կարծում եմ, այդ գործում համալսարանի դերը մեծ է: Այսօր տեղի է ունենում միջազգային գիտաժողով, որտեղ մենք կարող ենք միավորել մեր ուժերը և ունենալ արդյունավետ քննարկումներ այն հարցերի շուրջ, որոնք մեզ հետաքրքրում են»,- ասել է Դ. Գաբրիելյանը:

Գիտաժողովի մասնակիցներին ուղերձ է հղել ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարար Նարինե Աղաբալյանը, որում ի մասնավորի նշվում է. «Արցախի Հանրապետությունը, ինչպես և հետխորհրդային տարածաշրջանում դե ֆակտո գոյություն ունեցող մյուս պետությունները, տարիների ընթացքում միջազգային հանրությանը ցույց են տվել ոչ միայն իրենց կենսունակությունը, այլև զարգացումը։ Անշուշտ, յուրաքանչյուր պետության զարգացման հիմքում կրթությունն է։ Այսօր մեր առջև խնդիր է դրված մեր երիտասարդների համար ապահովել որակյալ կրթություն, ստեղծել նոր հնարավորություններ, կրթական գործընթացում ներդնել ժամանակակից տեխնոլոգիաներ, կապեր հաստատել այլ պետությունների հետ, ինտեգրվել միջազգային կրթական համակարգին...»:

Նախարարը կարևորեց գիտաժողովում քննարկվելիք խնդիրները և մասնակիցներին մաղթեց արդյունավետ աշխատանք։ 
  

ԱՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Արմինե Ալեքսանյանն իր ելույթում ընդգծեց, որ նման թեմայով միջազգային գիտաժողովը յուրատեսակ հարթակ է ոչ միայն քննարկելու առկա հիմնախնդիրներն ու մարտահրավերները, այլև նախանշելու դրանց հաղթահարման ուղիներն ու ձևերը. «Վստահ եմ՝  գիտաժողովի աշխատանքները կօգնեն առավել արդյունավետորեն լուծել մեր առջև ծառացած խնդիրները` ուսումնասիրելով և կիրառելով այլ պետությունների փորձը:  Ճանաչման հարցում պետությունները չեն առաջնորդվում միջազգային իրավունքի նորմերով, այլ` սեփական շահով: Առկա պայմաններում պետք է նախահարձակ լինել և փորձել արտաքին կապեր հաստատել այլընտրանքային ուղիներով: Դա կարող է լինել, ինչպես ԱՀ-ի դեպքում է, ապակենտրոնացված համագործակցությունը»,- հավելեց ԱՀ փոխարտգործնախարարը:

Գիտաժողովի աշխատանքները ողջունել են նաև Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետության, Աբխազիայի Հանրապետության արտգործնախարարությունների, Հարավային Օսիայի պետական համալսարանի, Ռուսաստանի Հարավ-Դաշնային Համալսարանի և Ռուս-Հայկական (Սլավոնական) համալսարանի ներկայացուցիչները:

Իր խոսքում Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետության ներկայացուցիչ Ալեքսեյ Ցուրկանը երախտագիտություն է հայտնել կազմակերպիչներին՝ շեշտելով. «Դժվար է գնահատել նման հաղորդակցման նշանակությունը, որը ծառայում է գիտությանն ու տարբեր գաղափարների փոխանակմանը։ Կարծում եմ` ներկայացված թեմայի արդիականությունը, որն այսօր դառնալու է քննարկման առարկա, չափազանց բարձր է։ Մեր երկրները կան, ապրում և վստահ նայում են առաջ` դեպի ապագան»։ Ալեքսեյ Ցուրկանը շնորհակալություն հայտնեց կազմակերպիչներին՝ կարևոր և հետաքրքիր գիտաժողովի անցկացման համար:

Լիագումար նիստին զեկուցումներով հանդես են եկել Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը («Չճանաչվածության ֆենոմենը միջազգային իրավունքում և քաղաքականությունում», Հայաստան), իրավաբանական գիտությունների թեկնածու Սիրանուշ Պետիկյանը («Իրավական գաղափարախոսության սահմանադրական հիմունքները Արցախի Հանրապետությունում», Արցախ), Սեդրակ Սուրմենիլյանը («Աբխազ ժողովրդի դիմանկարը՝ մինչև անկախության ճանաչումը և դրանից հետո», Աբխազիա), Տայմուրազ Տաղտաևը («Ժողովուրդների տարանջատվածության երևույթը՝ օսեթական ժողովրդի օրինակով», Հարավային Օսիա)։

Կովկասի ինստիտուտի տնօրեն Ա. Իսկանդարյանն իր  խոսքում նշեց, որ աշխարհում այսօր հինգ տասնյակից ավելի  չճանաչված պետություն գոյություն ունի, որոնք բոլորն էլ տարբեր են՝ սկսած Թայվանի պես տնտեսական ու քաղաքական լուրջ կշիռ ունեցող պետությունից, մինչև փաստացի գոյություն չունեցող պետություններ:

Տայմուրազ Տաղտաևը իր ելույթում նշեց. «Մենք շնորհակալ ենք հրավերի ու կարծիքներ փոխանակելու հնարավորության, ինչպես նաև մեր երկրների հետագա ճակատագրերի վերաբերյալ արդիական և խոր ակադեմիական վերլուծություններ լսելու համար։ Նույն ճակատագրով և նույն ձգտումներով իրար հետ կապված երկու եղբայրական երկրների հարաբերությունները զարգանում են։ Մոտ ապագայում նպատակ ունենք մի շարք միջոցներ ձեռնարկել՝ մեր կապերն ավելի խորացնելու համար»:

Զեկուցողները համոզված են, որ չճանաչվածությունը չպետք է խոչընդոտ հանդիսանա տվյալ երկրի քաղաքացիների կողմից իրենց անքակտելի իրավունքների՝ այդ թվում` զարգացման, անվտանգ ու արժանապատիվ կյանքի իրավունքների իրացման գործում։ 

Պլենար նիստից հետո գիտաժողովի աշխատանքները շարունակվել են Մեսրոպ Մաշտոց Համալսարանում՝ առանձին մասնախմբերում:

Մասնակիցները գոհ էին գիտաժողովի արդյունքներից` նշելով, որ այն անցավ շատ բարձր մակարդակով: Կազմակերպիչները նախատեսում են այս ձևաչափով հանդիպումները դարձնել ամենամյա: