Սեպտեմբերի 11-ին «Կաշտան» ռեստորանային համալիրում տեղի ունեցավ Մեսրոպ Մաշտոց համալսարանի առաջին կուրսեցիներին ուսանողական տոմսերի և ստուգարքային գրքույկների հանձնման հանդիսավոր արարողությունը:

21-09-2016


Սեպտեմբերի 11-ին «Կաշտան» ռեստորանային համալիրում տեղի ունեցավ Մեսրոպ Մաշտոց համալսարանի առաջին կուրսեցիներին ուսանողական տոմսերի և ստուգարքային գրքույկների հանձնման հանդիսավոր արարողությունը: Ներկա գտնվեցին համալսարանի ռեկտոր Դոնարա Սերգեյի Ղարիբյանը, համալսարանի հիմնադիր Մելանյա Հովհաննեսի Արզումանյանը, ֆակուլտետի դեկանները, համալսարանի դասախոսները:

Արարողությունը բացվեց ՄՄՀ օրհներգի կատարմամբ, որից հետո իր ողջույնի խոսքով ու բարեմաղթանքներով ելույթ ունեցավ համալսարանի ռեկտոր Դոնարա Ղարիբյանը: Իր ելույթի մեջ նա նշեց ուսանողների կողմից ընտրված մասնագիտությունների արդիականությունը, ընդգծեց ձեռք բերվող գիտելիքների հանդեպ պատասխանատու մոտեցման անհրաժեշտությունը և իրենց դերն ապագա մասնագիտական գործունեության մեջ: Համալսարանի ռեկտորը կարևորեց նաև փոխըմբռնումն ու փոխադարձ հարգանքը դասախոսների և ուսանողների միջև, որոնք անհնար կլինեն առանց բուհի կարգապահության կանոնների պահպանման:

Իր ողջույնի խոսքով հանդես եկավ նաև ՄՄՀ հիմնադիր Մելանյա Հովհաննեսի Արզումանյանը` մաղթելով ուսանողներին բազում ստեղծագործական հաջողություններ՝ իրենց առջև դրված նպատակներն իրականացնելու գործում:

Առաջին կուրսեցիներին շնորհավորեց նաև համալսարանական գրադարանի վարիչ Ռոմելլա Լևոնի Անդրյանը, ով պատմեց գրադարանի հնարավորությունների մասին և կոչ արեց ուսանողներին դառնալ գրադարանի ակտիվ ընթերցողներ:

Համալսարանի ֆակուլտետների դեկանների կողմից ուսանողական տոմսերի և ստուգարքային գրքույկների հանձնման արարողությունից հետո բոլոր ներկա գտնվողները կատարեցին   GAUDEAMUS  միջազգային ուսանողական օրհներգը:

Այս հանդիսավոր օրն առաջին կուրսեցիներին աջակցելու էին եկել նաև ավագ կուրսերի ուսանողները, ուսանողական խորհրդի անդամները, ովքեր իրենց շնորհավորական ուղերձում ողջունեցին առաջին կուրսեցիներին` մաղթելով բազում ձեռքբերումներ:

Պաշտոնական արարողությունից հետո բոլոր ներկա գտնվողների մասնակցությամբ կազմակերպվեցին խաղեր և պարեր: Վերջում մասնակիցները բոլոր ուսանողների կողմից շնորհակալություն հայտնեցին բարեմաղթանքների և          խորհուրդների համար: