01-09-2017
Նոր ուսումնական տարին Մեսրոպ Մաշտոց Համալսարանում դիմավորեցին մեծ շուքով: Համալսարանում տեղի ունեցավ արիության դաս: Ուսանողներին շնորհավորելու էր եկել Արցախի Հանրապետության ԿԳՍ նախարարի տեղակալ Արմեն Սարգսյանը: Սեպտեմբերի 1-ը սկսվել էր ԿԳՍ նախարարի շնորհավորական ուղերձով, որում ասվում էր. <<Սիրելի´ ուսանողներ, կրթության բնագավառի հարգարժան ներկայացուցիչներ, սրտանց շնորհավորում եմ Գիտելիքի, գրի և դպրության օրվա առթիվ:
Ազգի ինքնահաստատման, ժամանակի մարտահրավերներին դիմակայելու գործում գիտելիքն ու կրթությունը հիրավի´ անգնահատելի դերակատարություն ունեն: Դժվար է պատկերացնել որևէ երկրի լիարժեք զարգացում` առանց բարձր կրթագիտական նիշ ապահովելու: Այս առումով, Արցախում կրթությունը խիստ կարևորվում է` համարվելով մեր պետության գերակա ուղղություններից մեկը>> :
Արիության դասին մասնակցելու էին եկել նաև ՄՄՀ շրջանավարտ ապրիլյան պատերազմում զոհված Նորայր Հաջիյանի հայր Միքայել Հաջիյանը, ով իր խոսքերով էլ ավելի քաջալերեց ուսանողներին:
Իր բանաստեղծություններով ուսանողներին ոգևորեց նաև Ծովինար Բաղդասարյանը:
Ինչպես բոլոր տոն օրերին, այնպես էլ այսօր համալսարան հյուր էին եկել նաև ՊԲ N զորամասից: Օպերատիվ բաժնի պետ Վիկտոր Առուստամյանը շնորհավորեց նոր ուսումնական տարվա, ինչպես նաև Արցախի Հանրապետության անկախության հրչակման 26-րդ տարեդարձի կապակցությամբ: