Աշոտ Ալեքսանյանը «Մաշտոց» հրատարակչությունում․ թարգմանչական արվեստի մասին խորք ունեցող զրույց

«Մաշտոց» հրատարակչական հիմնադրամի թարգմանչաց դպրոցը շարունակաբար հարթակ է դառնում այն մտավորականների համար, որոնք պատրաստ են իրենց փորձը փոխանցելու նոր սերնդին։ Այս անգամ մեր հյուրը բանաստեղծ, գրականագետ, էսսեիստ, թարգմանիչ և Հայաստանի գրողների միության անդամ Աշոտ Ալեքսանյանն էր։ Բանախոսության թեման՝ «Թարգմանչական արվեստ և տեխնիկա»։

Հանդիպման ընթացքում Աշոտ Ալեքսանյանը  երկարամյա իր փորձով խոսեց թարգմանչական արվեստի բարդություններից, պատասխանատվությունից և այդ ճանապարհին ի հայտ եկող դժվարությունների հաղթահարման ուղիներից։ Զրույցն ընդգրկեց նաև գրական մեծությունների ստեղծագործությունների թարգմանական առանձնահատկությունների թեման՝ մասնավորապես անդրադառնալով Ռոբերտ Մուզիլին, Հերման Հեսսեին, Ռոբերտ Վալզերին և այլոց։ Յուրաքանչյուր անուն առիթ էր խոսելու լեզվամշակութային խորքային շերտերի, գրական ոճերի պահպանման և հեղինակի հույզերի փոխանցման մասին։

«Թարգմանությունը ծանր, տքնաջան, ֆիզիկական ու մտավոր աշխատանք է»,— նշեց բանախոսը՝ ընդգծելով թարգմանչի պատասխանատու և ստեղծագործ դերը գրականության միջմշակութային նրբությունների փոխանցման գործում։ Նա խորհուրդ տվեց ապագա թարգմանիչներին ընթերցել հնարավորինս շատ, խորամուխ լինել լեզուների ու մշակույթների տարբերությունների հարցերում և անընդհատ զարգացնել իրենց ստեղծագործական միտքը։

Բանախոսությունն ուղեկցվեց գեղարվեստական ընթերցումներով․ Աշոտ Ալեքսանյանը ներկայացրեց Գոթֆրիդ Բենի «Ողջեր» և Գաբրիելե Դ’Աննունցիոյի «Օ, նվաղկոտ լուսնի մահիկ» ու «Զուր են աղոթք ու ողջակեզ» բանաստեղծությունների իր թարգմանությունները՝ դրանով փոխանցելով ոչ միայն լեզվի նրբերանգները, այլև բնագրի հուզական ուժը։

Ի նշան գնահատանքի և աջակցության՝ բանախոսը թարգմանչաց դպրոցին նվիրեց իր հեղինակային և թարգմանական գրքերը՝ հարստացնելով դպրոցի գրադարանն ու ուսումնական պաշարները։

Կարդալ Նաև