Ընդհանուր անգլերեն

Թարգմանչի մասնագիտական գործունեության համար անգլերենի բարձր մակարդակի տիրապետումը առանցքային նախապայման է, ուստի թարգմանչաց դպրոցը թարգմանիչներին հնարավորություն տվեց մասնակցելու Ամերիկյան համալսարանի կողմից կազմակերպված Ընդհանուր անգլերենի դասընթացներին։ Դասընթացի հիմնական նպատակն էր ամրապնդել լեզվական կարողությունները, զարգացնել հաղորդակցման հմտությունները և ապահովել մասնակիցների ընդհանուր լեզվական առաջընթացը։

Դասընթացից առաջ բոլոր թարգմանիչները մասնակցեցին տեղակայման թեստի, որի նպատակն էր պարզել նրանց լեզվի տիրապետման մակարդակները։ Թեստի արդյունքների հիման վրա ձևավորվեցին առանձին խմբեր, որպեսզի յուրաքանչյուր մասնակից կարողանար սովորել իր գիտելիքներին և կարիքներին համապատասխան մակարդակում։ Այս մոտեցումը ապահովեց թե՛ սկսնակների, թե՛ առաջադեմ մասնակիցների արդյունավետորեն ուսուցումը։

Դասընթացը կառուցված էր համակողմանի մոտեցմամբ՝ ներառելով լսելու, կարդալու, գրելու և խոսելու հմտությունների զարգացումը։ Թարգմանիչները ներգրավվեցին բազմազան վարժություններում․ բանավոր քննարկումներ, զույգերով և խմբային աշխատանքներ, գրավոր առաջադրանքներ և լսողական վարժություններ։ Այս մեթոդը  թույլ տվեց բոլոր մասնակիցներին ակտիվորեն կիրառել իրենց գիտելիքները գործնական իրավիճակներում։ Դասերի ընթացքում առաջնայինը ոչ թե միայն քերականական կանոնների հիշեցումն էր, այլ դրանց գործնական կիրառությունը իրական հաղորդակցական իրավիճակներում։ Դասընթացի ավարտին մասնակիցները ամփոփեցին իրենց առաջընթացը՝ ստուգողական աշխատանքների և գործնական վարժությունների միջոցով։ Արդյունքները ցույց տվեցին, որ մեծամասնությունը զգալիորեն բարելավել էր լեզվական իր կարողությունները։

Կարդալ Նաև