Զրույց ազգային էպոսի և թարգմանական գրականության շուրջ. գրականագետ Հայկ Համբարձումյանը «Մաշտոց» հիմնադրամում

Հայկ Համբարձումյան

Ապրիլի 16-ին «Մաշտոց» հրատարակչությունը հյուրընկալեց գրականագետ, էպոսագետ, բանասիրական գիտությունների թեկնածու Հայկ Համբարձումյանին։ Հանդիպումն ապագա թարգմանիչների համար դարձավ ոչ միայն մասնագիտական զրույց, այլև ոգեշնչման և ստեղծագործական ուղու վերաիմաստավորման կարևոր հարթակ։

Զրույցի առանցքում էր ազգային էպոսը՝ որպես ինքնության կռվան, և թարգմանական գրականությունը՝ որպես մշակույթների միջև կամուրջ կառուցող արվեստ։ Բանախոսը բացահայտեց գրականության հանդեպ իր մոտեցումները՝ ներկայացնելով սեփական հետազոտությունները, գրական և գիտական աշխատանքների ուղին։

Թարգմանչաց դպրոցի երիտասարդ սաներն իրենց հետաքրքրող հարցերն ուղղեցին բանախոսին՝ սկսած լեզվամշակութային խնդիրներից մինչև ժամանակակից գրականության ընկալման նրբերանգները։ Հայկ Համբարձումյանն ընդգծեց թարգմանչի պատասխանատվությունը ոչ միայն գրքի, այլև ընթերցողի ու լեզվի առաջ՝ ընդգծելով խոր վերլուծության, լեզվամտածողության զարգացման և գրական բարեխղճության անհրաժեշտությունը։

Ի նշան գնահատանքի՝ բանախոսը թարգմանչաց դպրոցին նվիրեց իր հեղինակային աշխատությունները՝ հարստացնելով դպրոցի գրադարանը։

Թարգմանչաց դպրոցը խորին շնորհակալություն է հայտնում պարոն Համբարձումյանին՝ իր փորձը, գիտելիքը և հոգու ջերմությունը մեզ փոխանցելու համար։ Մենք լիահույս ենք, որ սա կդառնա շարունակական համագործակցության սկիզբ։

Կարդալ Նաև