Անդրե Մորուա

Ընթերցողի ուշադրությանն է ներկայացվում 20-րդ դարի ֆրան սիական գրականության ամենաերևելի դեմքերից մեկի՝ Անդրե Մորուայի (1885-1967) նովելների ժողովածուն։ Գրքում ընդգրկված 18 նովելները հայերեն լույս են տեսնում առաջին անգամ։
Քսաներորդ դարի ֆրանսիական գրականության մեջ իր ուրույն տեղն ունի գրող, փիլիսոփա, էսսեիստ, գրականագետ, ֆրանսիական ակադեմիայի անդամ, Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմների մասնակից Անդրե Մորուան։ Թեպետ իր ողջ ստեղծագործական գործունեության ընթացքում Անդրե Մորուան գրել է վեպեր, պատմվածքներ, ակնարկներ, նովելներ, սցենարներ, սակայն առանձնակի մեծ համբավ է ձեռք բերել կենսագրական վեպերի շնորհիվ, որոնցում պատկերել է համաշխարհային ճանաչում ունեցող մարդկանց անձնական կյանքը, խորաթափանց և նուրբ հոգեբանին հատուկ հմտությամբ բացահայտել և ընթերցողին ներկայացրել իր հերոսների ներաշխարհն ու հոգեկան ապրումները։ Անդրե Մորուայի հարուստ գրական ժառանգության մեջ իրենց յուրահատուկ տեղն ունեն նովելները, որոնք ընթերցողին գրավում են անսովոր սյուժեով, ֆրանսիական նրբագեղությամբ մատուցված սրնթաց գործողություններով և անսպասելի ավարտով։ Ժողովածուն ներառում է տասնութ նովել, որոնցում լավագույնս ներկայացված է տվյալ ժամանակաշրջանի իրականությունը իր բոլոր դրսևորումներով։ Ժողովածուն նախատեսված է ընթերցողների լայն շրջանակի համար և կարող է որպես գործնական նյութ ծառայել գրական թարգմանության դասընթացների ժամանակ։