
Մարկ Տվեն
Մարկ Տվենը (իրական անունը՝ Սամուել Լանգհորն Կլեմենս, 1835–1910) համարվում է ամերիկյան գրականության ամենամեծ դասականներից։ Ծնվել է Միսսուրի նահանգում, Միսսիսիպի գետի ափին։ Երիտասարդ տարիներին աշխատել է որպես տպագրիչի աշակերտ, լրագրող, իսկ հետագայում՝ նավավար Միսսիսիպի գետում։ Նրա գրական կեղծանունը՝ «Մարկ Տվեն», նավավարական տերմին էր, որը նշանակում էր երկու ոտնաչափ ջուր, որը բավական է շոգենավի անվտանգ անցման համար։
Տվենը համաշխարհային հռչակ ձեռք բերեց իր «Թոմ Սոյերի արկածները» և «Հեքլբերի Ֆիննի արկածները» վեպերով, որոնք դարձան ոչ միայն մանկական գրականության գլուխգործոցներ, այլև ամերիկյան հասարակության ու մարդկային բնույթի խոր դիտարկումներ։ Նրա ստեղծագործությունները աչքի են ընկնում սուր հումորով, կենդանի խոսքի հարստությամբ և սոցիլական անարդարությունների հանդեպ խիստ վերաբերմունքով։
Կյանքի վերջին տարիներին Տվենը ավելի ու ավելի էր խորանում փիլիսոփայական մտորումների մեջ։ «Խորհրդավոր անծանոթը» հենց այդ շրջանի արդյունքն է․ այստեղ բացահայտվում են հեղինակի մտահոգությունները մարդկության ապագայի, բարոյականության, կրոնի ու ազատ կամքի վերաբերյալ։ Վիպակը ցույց է տալիս Մարկ Տվենի այլ՝ խորքային ու մռայլ կողմը, որն այնքան էլ հայտնի չէ լայն ընթերցողին։
Մարկ Տվենը թողեց անգնահատելի ժառանգություն՝ ազդեցություն գործելով ոչ միայն ամերիկյան, այլև համաշխարհային գրականության վրա։

