«Մաշտոց» հրատարակչության թարգմանչաց դպրոցում ձևավորված գեղեցիկ ավանդույթը շարունակվում է՝ հյուրընկալել ժամանակակից գրականության ուշագրավ ներկայացուցիչներին։ Այս անգամ ապագա թարգմանիչների հյուրն էր Արամ Պաչյանը՝ ժամանակակից հայ գրականության ինքնատիպ, խորախոհ և սիրված հեղինակներից մեկը։
Հանդիպման առիթը Պաչյանի «Ռոբինզոն» պատմվածքների ժողովածուն էր։ Դպրոցի սաները նախապես ծանոթացել էին գրքին, առանձնացրել էին իրենց համար առավել ուշագրավ հատվածները, նախապատրաստել հարցեր՝ վերածելով հանդիպումը գրական հետաքրքիր երկխոսության։
Գրողը պատմեց «Ռոբինզոնի» ստեղծման ընթացքի, պատմվածքների ընտրության տրամաբանության և խմբագրական աշխատանքի նրբությունների մասին։ Զրույցը վերաճեց գրական ստեղծագործության խորքային վերլուծության՝ բացահայտելով այն տարրերը, որոնք սովորաբար մնում են ընթերցողի աչքից ծածուկ՝ «վարագույրներից» անդին։
Եվ իհարկե, միջոցառումն այսքանով չսահմանափակվեց։ Հանդիպումից հետո սիրելի գրողի հետ շրջեցինք Վայոց ձորի պատմամշակութային վայրերում։ Տեղանքի բնությունն ու պատմական շունչը դարձան ևս մեկ հնարավորություն՝ մի քանի ժամով կտրվելու առօրյայից և գրական խոսքը տեղափոխելու բնական միջավայր։
Մենք խորապես շնորհակալ ենք Արամ Պաչյանին՝ իր բաց ու բովանդակալից զրույցի, գրական ներաշխարհը մեզ բացելու պատրաստակամության և հանդիպման դրական մթնոլորտի համար։






