Հասմիկ Հակոբյանն այն երիտասարդներից է, որի անունը սերտորեն կապված է «Մաշտոց» հրատարակչության ստեղծագործական և կրթական նախաձեռնությունների հետ։ Նա առաջիններից էր, որը միացավ թարգմանչաց դպրոցին՝ սկիզբ դնելով թարգմանական աշխարհում իր խոստումնալից ուղուն։
Հասմիկը մասնակցում է հրատարակչության ջանքերով կազմակերպվող դասընթացներին, թարգմանչական հանդիպումներին՝ իր փորձը և մտածումները հաղորդելով գործակիցներին։ Թարգմանչի նշանակալի առաջին ձեռքբերումներից էր Էլինոր Փորթերի «Փոլլիաննա» վեպի համատեղ թարգմանությունը։ Շնորհանդեսը տեղի ունեցավ «Զանգակ» գրատանը, որտեղ նա հանդես եկավ որպես թարգմանիչներից մեկը։ Որոշ ժամանակ անց նույն գրատանը կայացավ ևս մեկ կարևոր իրադարձություն՝ Նիկոլաս Սփարքսի հանրահայտ «Հիշարժան զբոսանք» վեպի հայերեն թարգմանության շնորհանդեսը։ Այս անգամ Հասմիկ Հակոբյանը հանդես եկավ որպես միանձնյա թարգմանիչ՝ ընթերցողին ներկայացնելով Սփարքսի ստեղծագործությունը հայերեն՝ յուրահատուկ ոճով ու խոր զգացողությամբ։
Հասմիկի պատմությունը ևս մեկ անգամ հիշեցնում է, որ կրթությունը ներդրում է, որը մշտապես ուղեկցում է մարդուն՝ դառնալով նրա ամենամեծ զենքը կյանքի տարբեր փուլերում։ Նրա հաստատակամությունն ու անընդհատ զարգացման ձգտումն արդեն իսկ պտուղներ են տալիս, իսկ մենք սիրով հետևում ենք նրա առաջընթացին։
Սիրելի՛ Հասմիկ, շնորհավորում ենք քեզ։ Թող սա լինի միայն սկիզբն այն վաստակի, որ դեռ ունենալու ես հայ թարգմանական գրականության ասպարեզում։




