Հատընտիր պատմվածքներ

Ժողովածուն ամփոփում է ավստրիացի հեղինակ Արթուր Շնիցլերի պատմվածքների ընտրանին։ Նրա ստեղծագործությունների գործողությունները հիմնականում տեղի են ունենում անցյալ դարասկզբին Վիեննայում։ Հերոսներն այն ժամանակվա վիեննական հասարակության տիպիկ դեմքերն են՝ սպաներ և բժիշկներ, արվեստագետներ և լրագրողներ, դերասաններ և այլն, որոնք պատկերվում են հոգեբանական գործընթացների ու ապրումների մեջ։

Շնիցլերն անդրադառնում է ոչ թե հոգեկան ախտաբանական վիճակներին, այլ սովորական մարդկանց ներաշխարհում տեղի ունեցող ապրումներին։ Չգրված արգելքներով ու օրենքներով, սեռական տաբուներով և պատվի օրենքներով լի հասարակությունը մարտահրավեր է նետում հատկապես թույլ մարդկանց։ Շնիցլերն ընթերցողին խոր, անմիջական պատկերացում է տալիս իր հերոսների ներքին հակամարտությունների մասին։ Ինչպես Զիգմունդ Ֆրոյդը հոգեվերլուծությամբ, այնպես էլ Արթուր Շնիցլերը, մոտավորապես նույն ժամանակ, անդրադառնում է այն տաբուներին, որոնք ճնշվել են հասարակության կողմից։ Շնիցլերը բացահայտում է իր հերոսներին իրենց ներքին մենախոսությամբ։