Թարգմանչի մասնագիտական կարողությունների զարգացման գործում կարևոր նշանակություն ունի ոչ միայն լեզվական և լեզվաբանական գիտելիքը, այլև գեղարվեստական մտածողության ու գրական ճաշակի ձևավորումը։ Այդ նպատակով կազմակերպվեց եռամսյա դասընթաց՝ գրող և թարգմանիչ Անի Փաշայանի հետ, որը նվիրված էր գեղարվեստական տեքստի ուսումնասիրությանը։
Դասընթացը կառուցված էր այնպես, որ մասնակիցները հնարավորություն ստանային ուսումնասիրել գրական ստեղծագործությունները ոչ միայն ընթերցողի, այլև թարգմանչի տեսանկյունից։ Քննարկվեցին տարբեր գրքեր և ստեղծագործություններ՝ դասականից մինչև ժամանակակից հեղինակներ, ինչպես նաև վերլուծվեցին տարբեր գեղարվեստական ոճեր։ Մասնակիցները սովորեցին ճանաչել հեղինակային ոճի առանձնահատկությունները, տեքստի կառուցվածքը և դրանց փոխանցման հնարավորությունները։
Յուրաքանչյուր հանդիպում բաժանվում էր տեսական և գործնական ժամերի։ Տեսական մասում դասընթացավարը ներկայացնում էր գեղարվեստական տեքստի կառուցվածքի, ոճական առանձնահատկությունների, կերպարների խոսքի դերը։ Գործնական մասում կազմակերպվում էին ակտիվ քննարկումներ, որոնց ընթացքում թարգմանիչները արտահայտում էին իրենց կարծիքները և վերլուծում ընտրված տեքստերը։ Այս մոտեցումը նպաստեց մասնակիցների քննադատական մտածողության զարգացմանը և սեփական թարգմանական մոտեցումների ձևավորմանը։
Հատուկ ուշադրություն դարձվեց նաև գրական լեզվի հարստությանը։ Թարգմանիչները սովորեցին տարբերել նրբերանգները, գնահատել բառերի ու արտահայտությունների ընտրության ազդեցությունը տեքստի ընդհանուր հնչեղության վրա։ Միևնույն ժամանակ առանձնակի շեշտադրվեց, թե ինչպես պահպանել ստեղծագործության գեղարվեստական արժեքը թարգմանության ժամանակ՝ առավելագույնս հարազատ մնալով բնագրին։
Գործնական առաջադրանքների միջոցով թարգմանչաց դպրոցի անդամները փորձեցին թարգմանել արձակ, բանաստեղծական և հրապարակախոսական բնույթի տեքստեր։







