Թարգմանությունը ոչ միայն լեզվաբանական գործողություն է, այլև ստեղծագործական գործընթաց։ Այդ համոզմունքի հիման վրա Ամերիկյան համալսարանի հետ համագործակցությամբ իրականացվեց երկու փուլով դասընթաց՝ Creativity in Translation և Creativity in Translation։ Going higher։ Ծրագիրը նպատակ ուներ մասնակիցներին զինել թարգմանական գործընթացում անհրաժեշտ ստեղծագործական մոտեցումներով և գործնական հմտություններով, որպեսզի նրանք կարողանան ավելի վստահ և արդյունավետ աշխատել բարդ տեքստերի հետ։
Առաջին փուլում մասնակիցները ծանոթացան թարգմանչական աշխատանքների տեսական հիմքերին և գործնական կիրառություններին։ Դասընթացը կառուցված էր վարից վեր սկզբունքով՝ սկսած բառի մակարդակից մինչև ամբողջական տեքստ։ Ուսումնասիրվեցին բառի տարբեր իմաստները, համարժեքության խնդիրները, իդիոմների և տեղայնացման թարգմանական առանձնահատկությունները։ Մասնակիցները բացահայտեցին նաև հայերեն թարգմանական ավանդույթի՝ մասնավորապես հունաբան դպրոցի ստեղծագործական մոտեցումները, և սովորեցին դրանք կիրառել ժամանակակից թարգմանական պրակտիկայում։
Դասընթացի առանցքային բաղադրիչն էր անհատական թարգմանական նախագիծը։ Յուրաքանչյուր մասնակից ընտրում էր ստեղծագործական բնույթի տեքստ, որն ուսումնասիրում և թարգմանում էր դասընթացի ընթացքում։ Ներկայացված աշխատանքները խմբային քննարկումների առարկա էին դառնում, ինչը նպաստում էր քննադատական մտածողության զարգացմանը, տարբեր թարգմանական լուծումների համեմատությանը և մասնագիտական համագործակցային փորձի կուտակմանը։
Երկրորդ փուլը առավելապես կենտրոնացած էր գործնական աշխատանքի և խորացված վարժությունների վրա։ Այստեղ շեշտը դրվում էր արդեն ձեռք բերված տեսական գիտելիքների կիրառման վրա։
Այս երկու մակարդակների համադրությունը ապահովեց գիտելիքի և հմտությունների ամբողջականություն․
- Թարգմանիչները յուրացրին գործնական խնդիրների լուծման գործիքակազմ,
- Ձևավորեցին ստեղծագործական մտածողություն և քննադատական վերլուծություն,
- Սովորեցին տեսնել տեքստը ոչ միայն լեզվաբանական, այլև մշակութային և հաղորդակցական համատեքստում,
- Ձեռք բերեցին փորձ՝ իրենց թարգմանական ընտրությունները ներկայացնելու և հիմնավորելու գործում։





