
Գրիմ Եղբայրներ
Գրիմ եղբայրները (գերմ.՝ die Brüder Grimm կամ die Gebrüder Grimm), Յակոբ (1785–1863) և Վիլհելմ (1786–1859) գերմանացի գիտնականներ են, որոնք միասին հավաքել ու հրատարակել են բազմաթիվ ժողովրդական հեքիաթներ։ Եղբայրները համարվում են աշխարհի ամենահայտնի հեքիաթասացներից։ Նրանց առաջին հեքիաթների ժողովածուն լույս է տեսել 1812 թվականին։
Գրիմ եղբայրներն իրենց մանկությունն անցկացրել են Հանաու քաղաքում՝ Հեսսեն-Կասել նահանգում։ Նրանց հոր մահը 1796-ին (երբ Յակոբը 11, իսկ Վիլհելմը՝ 10 տարեկան էին) ծանր հարված էր ընտանիքի համար և խոր ազդեցություն ունեցավ նրանց ողջ կյանքի վրա։
Եղբայրները ուսանել են Մարբուրգի համալսարանում, որտեղ զարգացրել են հետաքրքրությունը գերմանական ժողովրդական հեքիաթների հանդեպ, ինչն էլ դարձավ նրանց կյանքի կարևոր գործը։
19-րդ դարի Եվրոպայում ռոմանտիզմի տարածումը նոր հետաքրքրույթուն առաջացրեց ավանդական ժողովրդական պատմությունների նկատմամբ։ Գրիմ եղբայրների համար հեքիաթներն ազգային գրականության և մշակույթի մաքուր ձևերն էին։ Ժողովրդական հեքիաթների վերաբերյալ գիտական ուսումնասիրություն ստեղծելու նպատակով նրանք մշակել են հեքիաթների հավաքման և գրառման մեթոդաբանություն, որն էլ դարձավ ֆոլկլորագիտության հիմքը։ 1812-1857 թվականների ընթացքում նրանց առաջին ժողովածուն բազմիցս վերահրատարակվել է՝ 86 պատմությունից ընդլայնվելով ավելի քան 200 պատմության։ Բացի հեքիաթների հավաքումից և մշակումից, եղբայրները գրել են գերմանական և սկանդինավյան դիցաբանության վերաբերյալ հեղինակավոր ուսումնասիրություններ, իսկ 1838 թվականին սկսել են կազմել գերմաներենի մեծ բառարան՝ Deutsches Wörterbuch, որը, սակայն, չեն հասցրել ավարտել։
Գրիմ եղբայրների հեքիաթները ճանաչված ու սիրված են մինչ օրս։ Դրանք թարգմանվել են ավելի քան 100 լեզուներով և մշտապես հետաքրքրել են հայտնի ռեժիսորների, այդ թվում՝ Լոտտե Ռեյնիգերին և Ուոլթ Դիսնեյին վերածվելով այնպիսի ֆիլմերի, ինչպիսիք են «Սպիտակաձյունիկը և յոթ թզուկները»:
«Մաշտոց» հրատարակչությունը ընտրել է Kinder-und-Hausmärchen ժողովածուի հեքիաթներից և թարգմանել հայերեն գերմաներեն բնագրից։

